Լոռին աշնան գույների մեջ

Բազում փորձություններն ամեն անգամ ստիպում են ճանաչել ու արժևորել մեր հայրենիքի ամեն անկյունը։ Այս անգամ որոշեցինք բացահայտել Լոռվա չքնաղ աշխարհը՝ աշնան գույներով, ծանոթանալ այնտեղ գտնվող պատմամշակութային մի շարք հուշարձանների, տեղի բնապահպանական խնդիրներին։ Տեղ հասնելով՝ առաջինն այցելեցինք Դեբեդ գետի ձորալանջին գտնվող Քոբայրավանք ։ Հայաստանի եզակի վանքերից, որը ներկայացնում է երկու տարբեր մշակույթ, ինչը պայմանավորված է նրանով, որ 13-րդ դարի կեսերին Կյուրիկյաններից Զաքարյաններին անցնելուց հետո միաբնակից դարձել է քաղքեդոնական։ Հենց դրանով էլ պայմանավորված է վանքի պատերի վրա վրացերեն արձանագրությունների առկայությունը։ Վանքի դժվար հաղթահարելի ճանապարհը, տարածքը եզրագծող ժայռերում առկա անմատչելի խորշերն ու քարանձավները յուրահատուկ խորհրդավորություն ու գեղեցկություն էին հաղորդում Լոռվա այդ հրաշքին։ Իսկ այդ խորհրդավորության ու գեղեցկության զգացողությունները կրկնապատկվեցին, երբ այցելեցինք Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում գտնվող համանուն վանքը։ Խոսքերով հնարավոր չէ նկարագրել այն մթնոլորտը, որում հայտնվում ես Սանահին այցելելիս։ Ու ուզում ես լուռ վայելել և՛ հնադարյան ճարտարապետությունը, և՛ այն շրջապատող հայրենի բնաշխարհը։ Ուզում ես փակել աչքերդ ու մաքրվել ամեն տեսակի վատ ու բացասական մտքերից ու զգացմունքներից, մաքրվել ու ամեն ինչ սկսել նոր ու չգրված էջից։ Ցավոք, նման զգացողություն երբեք չես ունենում ժամանակակից ու նորակառույց եկեղեցիներում։ Տեսանք նաև Սանահինի կամուրջը` կառուցված Վանենի թագուհու կողմից։ «Սա նրանից հին է»: Ժողովուրդն այդպես է բացատրում «Սանահին» անունը, նկատի ունենալով, որ Սանահինի վանքը ավելի հին է, քան Հաղպատը։ Միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեք ունեցող Հաղպատ վանական համալիրը նույնքան բացառիկ գեղեցկություն ունի իր դիրքով ու շինություններով։ Վանքի պատերին հանդիպեցինք փորագրված խաչերի։ Ըստ հին հավատալիքի` դրանք թողնում էին մարդիկ, ովքեր եկեղեցու համար որևէ լավ բան էին արել , որպեսզի Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ նա տեսներ այդ մարդկանց լավ գործերն ու իր հետ տաներ դրախտ։ Ահա և այն վանական համալիրը, որտեղ Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ. Ախթալայի վանական համալիրը կամ Պղնձավանքը, որը Հայաստանի որմնանկարչության շրջանի անխաթար մնացած վառ օրինակներից է։ Բոլորը կամարները, միջնապատերն ու սյուները պատկերազարդված են սրբերի դիմանկարներով։ Ճանապարհորդության ընթացքում եղանք նաև Մեծ Այրումի պոչամբարում, ծանոթացանք տարածքում առաջացող էկոլոգիական խնդիրներին։

Յուրաքանչյուր ճանապարհորդության ճանաչողական և ուսումնական կողմերը ամբողջական ու լիարժեք են դառնում, երբ կա բարձր տրամադրություն և հաճելի միջավայր, երբ բոլորովին իրարից տարբեր մարդիկ մի քանի օրվա ընթացքում դառնում են մի ընտանիք, միմյանց նկատմամբ հոգատար ու ուշադիր, երբ սովորական զբոսանքները դառնում են երջանիկ հիշողություն, անկեղծ զրույցներն էլ ավելի են մտերմացնում, իսկ ընդհանուր կատակները դառնում թևավոր խոսքեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s