Մեկ օր Գյումրիում

Ոսումնական այս շաբաթն ամփոփեցինք 1-օրյա ճանապարհորդությամբ դեպի Գյումրի, մշակութային մեծ նշանակություն ունեցող մի քաղաք, որտեղից ամեն անգամ վերադառնում ենք նոր տպավորություններով ու հույզերով։ Առավել տպավորիչ էին այցելությունները Սուրբ Աստվածածին եկեղեցի և հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ լսեցինք հետաքրքիր փաստեր ու դրվագներ նրա անձնական ու ստեղծագործական կյանքի մասին։ Այնուհետև մեզ սիրով հյուրընկալեց մեր դասընկերոջ տատիկը, ով բնիկ գյումրեցի էր և մեզ փոխանցեց իր տատից լսած հետաքրքիր հիշողություններ Իսահակյանի մասին։ Իսկական Գյումրվա ընտանիք . հաճելի ու խաղաղ մթնոլորտ՝ համեմված սիրով, ջերմությամբ և իհարկե՝ հումորով։

Իսկ հետո զբոսանք Գյումրու փողոցներով …
Գյումրու մթնոլորտն ինձ համար անչափ առանձնահատուկ է, իսկ շենքերի ճարտարապետությունը, հին փողոցներն ու խաչմերուկները յուրահատուկ կոլորիտ են հաղորդում քաղաքին։
Հին ու խորհրդավոր Գյումրի, որի նեղլիկ, ծուռումուռ ու մշտապես կրնկի վրա բաց տներով լի փողոցներով քայլելիս ուզում ես ձուլվել այդ իրականությանն ամբողջությամբ։ Քայլում ես «կինոյի քաղաք» Գյումրիում ու ակամայից հնչող հին օրերի երգը տեղափոխում է քեզ լրիվ այլ աշխարհ։
Քայլում ես ու պատկերացնում, որ մեքենաներին փոխարինում են կառքերը, և որ ամենուր լսվում են ձիերի ոտնաձայներ։ Եվ ցանկություն է առաջանում ազատվել անգամ ժամանակակից հանդերձանքից, որը նորաձևության անիմաստ թելադրանք է և ոչ մի կերպ չի սազում քաղաքի մթնոլորտին։ Քաղաք, որտեղ մարդիկ իրենց ապրելակերպով , նիստուկացով ու վերաբերմունքով այնքա՜ն հասարակ ու այնքա՜ն մոտ են իրենց իրական էությանը։ Քաղաք, որտեղ ավանդույթներն ու սովորույթները պահպանված են , իսկ մարդիկ իրենց հյուրընկալությամբ ու մարդասիրությամբ կտրում են քեզ այն թվացյալ իրականությունից, որտեղ քեզ հրամցրել էին երջանկության լրիվ այլ բանաձև ։ Կտրում ու վերադարձնում են քեզ քո իրական բնույթին, ու հասկանում ես, թե որքան քիչ բան է պետք մարդուն հանգիստ ու խաղաղ լինելու համար։

Գյումրին լի է հին շինություններով , փողոցներով ու թաղամասերով, ու հենց դա գեղեցիկ է, գեղեցիկ ու արժեքավոր։ Անգամ կիսաքանդ շենքերն ու փոշոտ մայթերը յուրահատուկ հմայք են տալիս քաղաքին։ Եվ ես շատ
կուզենայի, որ Երևանը այդքան ժամանակակից դարձնելուց առաջ մի փոքր ավելի երկար մտածեինք։ Գուցե ինչ-որ կարևոր բաներ արժեզրկվո՞ւմ են հինը նորով փոխարինելու ու անընդհատ ժամանակակից լինելու ձգտման պատճառով։

Մեկ օրը շատ քիչ է Գյումրին ամբողջությամբ բացահայտելու համար, բայց միևնույնն է՝ օրն անցավ շատ հագեցած ու հիշարժան։ Ես դեռ կվերադառնամ Գյումրի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s