
Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին քառորդից հայերի ցեղասպանությունը հռչակեց որպես պետական քաղաքականություն` հայկական հարցի լուծման նպատակով: Ցեղասպանության պրակտիկ գործադրումը սկսվեց անցյալ դարի 90-ական թվականներին և մի քանի փուլերով շարունակվեց մինչև 1922թ.: Ցեղասպանության պատասխանատուն թուրքական պետականությունն է, որովհետև այն իրագործվեց և՛ սուլթանական, և՛ երիտթուրքական, և՛ քեմալական վարչակարգերի կողմից:
Որո՞նք էին Հայոց ցեղասպանության պատճառները: Հարցադրումն արդիական է և կարևորվում է նրանով, որ ժամանակակից Թուրքիայում մշակվել է Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պետական կոնցեպցիա, որը հանգում է հետևյալ կեղծիքներին.
ա) Հայերը, իբր, սեփական մշակույթից զուրկ եկվոր ժողովուրդ են: Հայաստանը երբեք ինքնուրույն պետություն չի եղել, և հայերը նրանում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում, փոքրամասնություն են կազմել:
բ) Թուրքերը, իբր, իրենց գրաված երկրներին բերում էին խաղաղություն և փրկություն: Օսմանյան կայսրությունը եղել է ամենաառաջավոր, քաղաքակիրթ և հումանիստական հասարակությունը, որտեղ հայերը լավ էին ապրում, նրանցից շատերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում, նույնիսկ օգտվում էին ինքնավարությունից: Հայ-թուրքական հարաբերությունները դարեր շարունակ եղել են բարեկամական, որոնք խաթարվեցին և թշնամական դարձան մեծ տերությունների, մասնավորապես` Ռուսաստանի և Անգլիայի վարած քաղաքականության պատճառով: Եթե չլինեին հայ-թուրքական գործերին եվրոպական պետությունների միջամտությունը, նրանց վարած քաղաքականության հետ հայերի կապած սպասելիքները, չէին լինի նաև սուլթանական և երիտթուրքական վարչակարգերի շրջանում հայերի հետ տեղի ունեցած անցանկալի դեպքերը:
գ) Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանություն, իբր, տեղի չի ունեցել, այլ ընդամենը պատերազմական գոտում եղել է հայերի տեղահանում` ըստ 1915թ. մայիսի 14-ի «Տեղահանման մասին» օրենքի, որը հետևանք էր այն բանի, որ Ռուսաստանի հետ սահմանակից մարզերում Թուրքիայի անվտանգությունը սպառնալիքի տակ էր գտնվում: Կառավարությունը չի մշակել ջարդի ծրագիր, այլ ստիպված դիմել է որոշ պաշտոնական քայլերի, որոնց ընթացքում հայերն ունեցել են առանձին մարդկային կորուստներ:
Այսպիսով` թուրքական պետական հայեցակարգը մերժում է ցեղասպանության փաստը, դրա՝ նախապես ծրագրավորված և կանխատեսված լինելու փաստը: Ճիշտ է, հայերի ֆիզիկական ոչնչացման քաղաքականությունը պետական մակարդակով իրագործվեց 1849-1922թթ., սակայն ցեղասպանության արմատները, ժամանակագրական առումով, շատ ավելի են խորանում: Դրանք պետք է փնտրել Օսմանյան կայսրության էության մեջ: Լինելով եկվոր ցեղեր և զավթողական պատերազմներով հաստատվելով օտար երկրներում` թուրքերի համար գերխնդիր էր դարձել նվաճված ժողովուրդների թուրքացումը, թուրքական նոր հայրենիքի ստեղծումը: