Մեր գյուղը

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին․․․

Պատումի վերնագիրը գրելիս ակամայից հիշեցի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԽՈՍՔԵՐԸ։ Եվ, իրականում , Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղն այդպիսինն է՝ փոքրիկ, բայց հպարտ, միգապատ լեռների լանջին, բարձունքի վրա, բնակեցված Սասունից ու Մուշից տասնյակ տարիներ առաջ գաղթած հայերով։ Բնակչությունը փոքրաթիվ է , բոլորն իրար ճանաչում են, շատերն իրար հետ կապված են բարեկամական-ազգակցական կապերով։ Թեև գյուղը փոքրիկ է, բայց հարուստ է պատմամշակութային կոթողներով։ Անմիջապես գյուղի սկզբում, բարձունքի վրա վեր է խոյանում Սասնա բերդը՝ վերջերս կառուցված հրաշալի ու անզուգական մի կառույց, որը մտովի քեզ տեղափոխում է <<էրգիր>>, ու սիրտդ հպարտությամբ է լցվում նախնիներիդ ու նրանց թողած հիշողությունների նկատմամբ։ Սասնա բերդից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Սուրբ Վարդան եկեղեցին՝ կառուցված գյուղի նվիրյալ բարերարի կողմից։ Գյուղի մի ծայրից մյուսը հասնելու համար ընդամենը րոպեներ են պետք, բայց տեսնելու բան շատ կա ճանապարհին։ Գյուղի կենտրոնում դրված է հայ ազատագրական շարժման գործիչ Անդրանիկ Զորավարի կիսանդրին, որը իր խրոխտ կերպարով, արծվի սուր ու իմաստուն հայացքով կարծես հսկում է գյուղի անդորրն ու խաղաղությունը։ Այստեղ է գտնվում նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին զոհված մասնակիցների հուշարձանը։ Եվ, վերջապես, երբ գյուղի վերջնամասում մի փոքրիկ շատ գեղեցիկ մատուռ կա, որի զորությունն էլ գյուղի վրա է տարածվում հակառակ կողմից։

Հենց այստեղ էլ, սուրբ մատուռի դիմաց , ձորափին գտնվում է պապիկիս կառուցած տունը, որը իմ մանկության վառ ու անջնջելի հիշողությունների ամրոցն է։ Յուրահատուկ գեղեցիկ է տեսարանը, որը բացվում է այստեղից․ սլացիկ բարդիներ, որոնք որքան գեղեցիկ, այնքան էլ վախեցնող են, երբ սարերից մոլեգնող քամին անհույս փորձում է տեղաշարժ անել դրանք։ Բարդիներն այնքան բարձր են, կարծես մխրճված լինեն ամպերի մեջ, իսկ մայրամուտը իր գույներով ավելի խորհրդավոր է դարձնում դրանք։Երեկոներն այստեղ շատ խաղաղ են։ Միայն ժամանակ առ ժամանակ այդ խաղաղությունը խախտվում է սարերից իջնող ոչխարների մայունով ու կովերի բառաչով։ Դե իսկ, երբ բացվում են ամրոցի դարպասները, հայտնվում ես իսկական դրախտում, աննկարագրելի գեղեցիկ վարդաստանում, որը մշտապես խնամվում է ու փթթում տատիկիս հրաշագործ ձեռքերում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s