ՋէԿ, ՋրԷԿ, ԱէԿ-բաշխվածությունը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրները և հետևանքները

Էլեկտրական հոսանքն անհրաժեշտ է ամենուրեք՝ գործարանում և անասնապահական ֆերմայում, բնակարանում ու գնացքում, հեռախոսակայանում և այլուր: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել էլեկտրաշարժիչներ, էլեկտրասարքեր կամ պարզապես էլեկտրական լամպեր:Էլեկտրական էներգիան արտադրում են էլեկտրակայաններում տեղադրված հատուկ մեքենաները՝ էլեկտրական հոսանքի գեներատորները կամ դինամոմեքենաները: Լինում են տարբեր գեներատորներ՝ և՜ փոքր, որոնց էներգիան բավարարում է միայն 1 սենյակ լուսավորելու համար, և՜ հսկա, որոնք կարող են էլեկտրաէներգիա տալ մեծ քաղաքին: Հեծանվի վրա դրված է դինամոմեքենա, որին պտույտներ է հաղորդում հեծանվադողին հպված փոքրիկ անվակը: Դինամոմեքենայի ներսում կա մագնիս, որը պտտվում է մետաղալարե անշարժ շրջանակի մոտ: Երբ շրջանակը հատում է մագնիսական դաշտը, առաջանում է էլեկտրական հոսանք: Այդ հոսանքի ուղղությունը փոխվում է մեկ մի, մեկ մյուս կողմ, երբ շրջանակի մոտով անցնում է պտտվող մագնիսի մեկ այս, մեկ այն բևեռը: Այսպիսի հոսանքն անվանում են փոփոխական, հոսանքն արտադրող գեներատորը՝ փոփոխական հոսանքի գեներատոր:Իսկ մարտկոցից կամ կուտակիչից ստացվող հոսանքը, որի ուղղությունն անփոփոխ է, անվանում են հաստատուն հոսանք:Էլեկտրակայաններում տեղադրված վիթխարի գեներատորներն արտադրում են փոփոխական հոսանք: Որպեսզի գեներատորն էլեկտրական հոսանք տա, ռոտորը պետք է պտտվի: Մեծ գեներատորի ռոտորը կշռում է հարյուրավոր տոննա, և այն պտտում է հատուկ մեքենան՝ տուրբինը, որն ունի թիերով կամ թևերով աշխատանքային անիվ: Շոգու, շիկացած գազի կամ ջրի շիթը թափով հարվածում է այդ անվի թիերին և հարկադրում տուրբինին ու դրա հետ նաև գեներատորի ռոտորին պտտվել: Եթե տուրբինը պտտում է ջրի հոսքը, էլեկտրակայանը կոչվում է ջրաէլեկտրակայան, երբ շոգին՝ ջերմաէլեկտրակայան, շիկացած գազերի շիթը՝ գազատուրբինային էլեկտրակայան և այլն:
Ջրաէլեկտրակայան (ջրէկ)

Ջրէկները կառուցում են մեծ, ջրառատ կամ լեռնային արագահոս գետերի վրա: Ջրէկի շինարարությունը, սովորաբար, սկսվում է հողե, քարե կամ բետոնե ամբարտակի կառուցումով: Պատնեշված գետի ջուրը կուտակվում է ամբարտակի մոտ՝ առաջացնելով ջրամբար: Սեփական ճնշման տակ ջուրը հսկա խողովակներով ջրամբարից ուժգնորեն թափվում է տուրբինի վրա և պտտում նրա ներսում գտնվող պողպատե թիանիվը: Թիանվին միացված է մեկ այլ մեքենայի՝ գեներատորի ներքին մասը՝ ռոտորը, որը նույնպես պտտվում է, և գեներատորն արտադրում է էլեկտրական էներգիա: Այդպես՝ թափվող ջրի էներգիան փոխարկվում է էլեկտրական էներգիայի, իսկ տուրբինով անցած ջուրը դուրս է հորդում, գնում: Ջրի նորանոր հոսքերը ճնշում են ամբարտակը, և տուրբինի անիվն անընդհատ պտտվում է:Առաջին ջրէկները՝ ընդամենը մի քանի 100 Վտ հզորությամբ, կառուցվել են Գերմանիայում և Անգլիայում 1876– 1881 թթ-ին: Հետագայում նավարկելի գետերի վրա ջրէկներ կառուցվեցին նաև Շվեյցարիայում (1892 թ-ին), ԱՄՆ-ում (1893 թ-ին), Ֆրանսիայում (1903 թ-ին), Ռուսաստանում (1909 թ-ին): Այժմ ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ ջրէկներ, առանց որոնց չէր զարգանա տարբեր երկրների արդյունաբերությունը, և, առհասարակ, անհնարին կլիներ դրանց կենսագործունեությունը:

Հայաստանում առաջին ջրային էլեկտրակայանը կառուցվել է 1903 թ-ին Դիլիջանում, 1909 թ-ին Դեբեդ գետի վրա կառուցվեց Ալավերդու ջրէկը (հզորությունը՝ 1080 կՎտ), որն իր հզորությամբ երկրորդն էր Ռուսական կայսրությունում: 1926 թ-ին գործարկվեց Երևանի ջրէկը: Արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով 1930թ-ին սկսվեց և 1962 թ-ին ավարտվեց Սեվան-Հրազդան կասկադի կառուցումը: Կասկադը միավորում է 6 ջրէկ՝ Սևանի, Աթարբեկյանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի և Երևանի, որոնց գումարային հզորությունը կազմում է 556 ՄՎտ: Այս կասկադն այժմ աշխատում է միայն ոռոգման ռեժիմով: Շարք մտան նաև ուրիշ ջրէկներ, այդ թվում՝ Դեբեդ և Որոտան գետերի կասկադները: Ներկայումս ՀՀ-ում գործում են 13 մեծ ու բազմաթիվ փոքր ջրէկներ, իրականացվում է փոքր ջրէկների կառուցման ծրագիր: 
Ջերմաէլեկտրակայան (ջէկ)

Ջէկում էներգիան արտադրում են շոգետուրբինով շարժման մեջ դրվող գեներատորները: Տուրբինը պտտող շոգի ստանալու համար կաթսաներում ջուրը եռացնում են՝ մազութ կամ մանրացված ածուխ  այրելով: Օգտագործված շոգին սառեցնում են, խտացնում (վերստին փոխարկում են ջրի) և կրկին ուղարկում են կաթսայակայանք:Որոշ ջէկերում, որպես լրացուցիչ վառելիք, այրում են թափոններ ու ամենաբազմազան մնացուկներ: Հզոր ջէկեր են գործում նաև Երևան ու Հրազդան քաղաքներում:
Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)

ԱԷԿ-ում մի ամբողջ վագոն ածխի փոխարեն հարկավոր է ընդամենը 10 գ ատոմային վառելիք: ԱԷԿ-ում գեներատորները պտտման մեջ են դրվում շոգետուրբիններով, իսկ շոգի ստանալու համար անհրաժեշտ ջերմությունն անջատվում է ատոմային ռեակտորում տեղի ունեցող միջուկային ռեակցիայից: Ռեակտորը շրջափակված է բետոնե հաստ պատերով, և ինքնաշխատ սարքերը վերահսկում են միջուկային ռեակցիան ու անհրաժեշտության դեպքում դադարեցնում այն: Շղթայական ռեակցիան դանդաղեցնելու նպատակով ռեակտորների կենտրոնում դրվում են հատուկ կարգավորիչ ձողեր: Աշխարհում գործող ավելի քան 400 ԱԷԿ-ների մոտ կեսն ունի ջրահովացման ռեակտորներ: Նորագույն գազահովացման ռեակտորում ջրի փոխարեն օգտագործվում է ածխածնի երկօքսիդը: Աշխարհում առաջին ԱԷԿ-ը գործարկվել է Խորհրդային Միությունում 1954 թ-ին:Երևանից ոչ հեռու` Մեծամոր ավանում, 1976 թ-ից գործում է Հայկական ԱԷԿ-ը:

Անվնա՞ս է արդյոք էլեկտրակայանի աշխատանքը շրջակա միջավայրի համար: Պարզվում է՝ ոչ: Օրինակ՝ Սևան-Հրազդան կասկադի ջրէկներն աշխատեցնելու համար Սևանա լճից ջրի մեծ բացթողումներն աղետալի հետևանքներ ունեցան. լճի մակարդակը խիստ նվազեց, խախտվեց լճի կենսաբանական հավասարակշռությունը: Պահանջվեցին մի շարք միջոցառումներ (այդ թվում՝ Արփա-Սևան ջրատարի կառուցումը) լճին սպառնացող վտանգը կանխելու համար: Ջէկից մթնոլորտ են արտանետվում ածխածնի երկօքսիդ պարունակող վնասակար գազեր, որոնք նպաստում են կլիմայի համընդհանուր տաքացմանը: Ածխով աշխատող ջէկերը, ածխաթթվական գազից բացի, մթնոլորտ են արտանետում նաև ծծմբի երկօքսիդ, որն առաջացնում է թթվային անձրևներ: Աղտոտվածության մակարդակը կարելի է իջեցնել, եթե ջէկում այրվի փոքր քանակությամբ ծծումբ պարունակող ածուխ, կամ վառարանների վրա տեղադրվեն գազերում վտանգավոր միացությունների քանակությունը նվազեցնող զտիչներ: Սակայն դրանք շատ թանկարժեք են և չեն կարող վնասազերծել բոլոր թունավոր գազերը:ԱԷԿ-ներում վառելանյութ չեն այրում, ուստի շրջակա միջավայրը մեծ վնաս չի կրում: Սակայն դրանց գործունեությունից առաջանում են ճառագայթաակտիվ թափոններ, որոնք հարկ է լինում հազարավոր տարիներ պահել հատուկ փակ տեղերում: Յուրաքանչյուր ԱԷԿ-ում տարեկան ստացվում են մոտ 60 տ ճառագայթաակտիվ թափոն, որի 1տ-ից ավելին ունի ճառագայթաակտիվության շատ բարձր մակարդակ: Բացի այդ, շատ վտանգավոր է նաև ճառագայթաակտիվ նյութերի արտահոսքը ԱԷԿ-ներից, որը կարող է տեղի ունենալ աշխատանքային ռեժիմի խախտման և ատոմակայանների վթարների դեպքում: Ճառագայթաակտիվ նյութերն առաջացնում են քաղցկեղային հիվանդություններ, վարակում են մոտակա տարածքը, իսկ քամին կարող է այդ նյութերը տարածել վթարի վայրից հազարավոր կիլոմետրեր հեռու: Խոշոր վթարների հետեվանքներից հազարավոր մարդիկ են տուժում և տևականորեն տառապում:Նախատեսվում է կառուցել նոր տիպի ԱԷԿ-ներ, որոնք, ի տարբերություն ներկայումս գործողների, գործնականում կլինեն անթափոն ու անհամեմատ անվտանգ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s