
Աբրահամ Լինքոլնը ոչ միայն իմաստուն պետական գործիչ էր, այլև իմաստուն հայր: Տղային դպրոց ուղարկեուց առաջ նա նամակ է գրում իր որդու ուսուցչին, ում հորդորում ու պահանջում է, թե ինչպես դաստիարակի իր որդուն: Նամակը գրված է գորովանքով ու կենսական հարուստ փորձով, և հիշեցնում է այն կարևոր բաների մասին, որոնք երեխաներին պետք է սովորեցնել ամեն տեսակ գիտելիքներից առաջ:
“Որդիս այսօր ոտք է դնում դպրոց: Ամեն ինչ նրա համար տարօրինակ ու նոր կթվա, և ես ցանկանում եմ, որ նա իրեն լավ դրսևորի: Սա այն արկածն է, որ նրան կարող է տանել ողջ մայրցամաքներով: Բոլոր արկածները հավանաբար իրենց մեջ ունենում են պատերազմ, ողբերգություն և վիշտ: Այս կյանքն ապրելու համար անհրաժեշտ է հավատ, սեր և խիզախություն:
Այնպես որ, հարգելի՛ ուսուցիչ, կարո՞ղ եք արդյոք նրա ձեռքից բռնել ու սովորեցնել այն ամենը, ինչ նա պետք է իմանա, սովորեցնել նրան, բայց նրբորեն, եթե կարող եք: Սովորեցրեք նրան, որ յուրաքանչյուր թշնամի կարող է լինել ընկեր: Նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ միշտ չէ, որ ճիշտ են: Բայց նաև սովորեցրեք, որ յուրաքանչյուր սրիկա կարող է լինել հերոս, շեղված քաղաքական գործիչն էլ՝ նվիրված առաջնորդ:
Սովորեցրեք նրան, որ հիսուն ցենտ աշխատելն ավելի արժեքավոր է, քան մեկ դոլար գտնելը: Դպրոցում ավելի պատվաբեր է անհաջողություն ունենալը, քան խաբելը: Սովորեցրեք նրան արժանապատվորեն պարտվել և վայելել հաղթանակ, երբ իսկապես հաղթի:
Սովորեցրեք նրան նուրբ լինել մարդկանց հետ, և կոշտ՝ կոշտ մարդկանց հետ: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից և սովորեցրեք նրան “ցածրաձայն ծիծաղողի” գաղտնիքները: Եթե կարող եք, սովորեցրեք, թե ինչպես ծիծաղել, երբ նա տխուր է, սովորեցրեք նրան, որ լացելու մեջ ամոթ բան չկա: Սովորեցրեք նրան, որ կարող է լինել փառք անհաջողության և դժբախտություն՝ հաջողության մեջ: Սովորեցրեք նրան ծաղրել ցինիկներին:
Եթե կարող եք, սովորեցրեք նրան գրքերի հրաշալիքի մասին, բայց միաժամանակ նրան ժամանակ տվեք հիանալու երկնքում ճախրող թռչուններով, արևի մեջ մեղուներով և կանաչ դաշտերի ծաղիկներով: Սովորեցրեք նրան հավատալ սեփական գաղափարներին, անգամ եթե բոլորն ասում են, որ դրանք սխալ են:
Փորձեք իմ որդուն տալ այն ուժը, որ նա չհետևի ամբոխին, անգամ եթե բոլորն են անում դա: Սովորեցրեք նրան լսել յուրաքանչյուրին, բայց նաև սովորեցրեք, որ նա կարողանա ֆիլտրի այն ամենը, ինչ լսում է և վերցնի միայն իրեն պետքականը:
Սովորեցրեք նրան վաճառելու իր տաղանդները և ուղեղը ամենաբարձր գին առաջարկողին, բայց ոչ երբեք սիրտն ու հոգին: Թույլ տվեք, որ նա լինի այնքան քաջ, որ լինի անհամբեր, բայց և լինի համբերատար, որպեսզի լինի քաջ: Սովորեցրեք նրան ունենալ ներքին հավատ, քանի որ հետագայում նա պետք է հավատա մարդկությանը, Աստծուն:
Սա է իմ պահանջը, ուսուցի՛չ, բայց տեսեք, թե ինչ կարող եք Դուք անել: Նա հիանալի փոքրիկ է, և նա իմ որդին է”: